Հայաստանի փորձը ներկայացվել է Վիեննայում՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի և երիտասարդների ներգրավման թեմայով
Փետրվարի 3-ին Վիեննայի Բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում (BOKU), անցկացված սեմինարի ընթացքում ներկայացվել են Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացները և այդ համատեքստում երիտասարդների ներգրավման մեխանիզմները։
Սեմինարի բանախոս, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Լազարյանը ներկայացրել է, թե ինչպես են Հայաստանում իրազեկման արշավների, համայնքային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի և ինտերակտիվ գործիքների միջոցով խթանվում երիտասարդների մասնակցությունն ու հետաքրքրվածությունը թափոնների կառավարման ոլորտում։
Քննարկվել է նաև, թե ինչ դեր կարող է ունենալ երիտասարդությունը ԱԸՊ համակարգի արդյունավետ ներդրման գործընթացում՝ սկսած հանրային իրազեկումից մինչև պատասխանատու սպառման մշակույթի ձևավորում և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված վարքագծային փոփոխություններ։
Մասնակիցներին ներկայացվել են նաև «ԹԱՓON» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են թափոնների կառավարման ոլորտում հանրային մասնակցության և իրազեկման խթանմանը։
Սեմինարը կազմակերպվել էր «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի «Youth for EPR. Երիտասարդական երկխոսություն արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվության մասին» նախաձեռնության շրջանակում։ Այն իրականացվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

English