Վիեննայում ներկայացվել է Հայաստանի փորձը՝ երիտասարդների ներգրավմամբ թափոնների կառավարման ոլորտում

Վիեննայի համալսարանում անցկացվել է քննարկում՝ ԱԸՊ համակարգում երիտասարդների մասնակցության թեմայով:

Փետրվարի 9-ին Ավստրիայում՝ Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում (BOKU), «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում անցկացվել է քննարկում՝ նվիրված Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ/EPR) համակարգի ներդրման գործընթացում երիտասարդների ներգրավմանը։

Քննարկման ընթացքում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Տաթևիկ Լազարյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող փորձը՝ երիտասարդական իրազեկման արշավները, համայնքային նախաձեռնությունները և «Մաքուր խաղեր» ծրագիրը, որոնք նպաստում են թափոնների կառավարման ոլորտում հանրային մասնակցության և պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմքերին՝ ներկայացնելով Ռիոյի 1992 թվականի հռչակագրի 10-րդ սկզբունքը, Օրհուսի կոնվենցիայի դրույթները, Կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև Հայաստանի քաղաքական և օրենսդրական մոտեցումները շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներում։

Քննարկման մասնակիցները կիսվել են նաև իրենց երկրների փորձով․ ներկայացվել են «Zero Waste» կրթական ծրագրերը Ֆրանսիայում, թվային գործիքների կիրառությունը Գերմանիայում և երիտասարդական բնապահպանական նախաձեռնությունները Քենիայում։

Քննարկվել է նաև բնապահպանական ծրագրերի հաղորդակցության և բրենդինգի կարևորությունը՝ որպես երիտասարդների ներգրավման արդյունավետ գործիք։

Քննարկման հիմնական նպատակն էր խթանել միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական կրթության, հաղորդակցության և թափոնների կառավարման քաղաքականությունների ոլորտում։

Հանդիպումը «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի «Youth for EPR. Երիտասարդական երկխոսություն արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվության մասին» ծրագրի մաս է կազմում։ Այն իրականացվում է  ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

Share your thoughts